Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 2231 բանաձեւին: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական քաղաքականությունը համապատասխանում է միջազգային օրենքներին եւ կանոններին ու որեւէ կերպ չի կարող քննարկվել: Նա ամերիկյան պաշտոնյաների պնդումներն անհիմն ու սադրիչ է որակել՝ նշելով, որ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտագլխիկների համար:
Քասեմին հավելել է, որ նման հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ Իրանը ջանքեր է գործադրում՝ Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների դեմ պայքարելու համար, որոնք ուղղակի կամ անուղղակի ֆինանսական, նյութատեխնիկական եւ հետախուզական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից եւ նրա դաշնակիցներից:



























