ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ փորձելով ուժեղացնել Թեհրանի վրա ճնշումը եւ միաժամանակ մշակելով դրա ապակայունացման դեմ պայքարի լայն ռազմավարություն, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իրավիճակին քաջատեղյակ իր աղբյուրները։
Թրամփի վարչակազմը հունվարի 20-ին պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին անգամ է Իրանի նկատմամբ լուրջ քայլերի պատրաստվում նոր պատժամիջոցների տեսքով, որոնք կվերաբերեն ավելի քան 20 իրանական կառույցների, նշում են աղբյուրները՝ հավելելով, որ այդ մասին հայտարարությունը պետք է արվի ուրբաթ առավոտյան։ Թրամփը նախքան այդ ասել էր, որ քննարկվում են գործողությունների բոլոր տարբերակները։
Նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են ահաբեկչությանը եւ զանգվածային բնաջնջման զենքին, կարող են նշանավորել Իրանի դեմ ավելի ագրեսիվ քաղաքականության մեկնարկը, որը Թրամփը խոստացել էր նախագահական արշավի ժամանակ։
Սակայն նոր միջոցները, որոնք վերաբերում են ինչպես կազմակերպություններին, այնպես էլ առանձին անձանց, ձեւավորվել են այնպես, որ չխախտեն միջուկային համաձայնագիրը Իրանի եւ վեցնյակի միջեւ։
Սպիտակ տունը դեռեւս մեկնաբանություններ չի տվել։



























