«Օրանժ Արմենիա»-ն ներկայում ունի ձայնային ծառայությունների 300 հազար եւ լայնաշերտ շարժական ինտերնետի 45 հազար բաժանորդ։ Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության մեկամյակի կապակցությամբ հրավիրած ասուլիսում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Նրա խոսքով, ընկերության 3G+ ցանցն այսօր ամենաընդարձակն է երկրում եւ հասանելի է բնակչության 93 տոկոսին։ Բ. Դյութուան ընդունեց, որ ինտերնետի արագության առումով կան խնդիրներ, սակայն նշեց, որ այս պահին ինտերնետը շատ ավելի որակյալ է, քան մեկ տարի առաջ, բացի այդ՝ ներդրումներն այս առումով շարունակվում են։ Ըստ Բ. Դյութուայի՝ ինտերնետ-կապի օպերատորի բաժանորդը միջինում օգտագործում է ամսական 5 Գբ թրաֆիկ, որը ռեկորդային է մյուս պրովայդերների համեմատ։

Անցած մեկ տարում ընկերությունն իրականացրել է 150 մլն դոլարի ներդրում, սակայն այս տարի դեռ շահույթ չի ստացել։ Բ. Դյութուան համոզված է, որ ընկերությունը շահութաբեր կդառնա հաջորդ տարվանից։

«Օրանժ Արմենիա»-ն այսօր հաճախորդներին ներկայանում է 57 խանութներով, որոնք մինչեւ տարեվերջ կհասցվեն 80-ի։

«Օրանժ Արմենիա»-ն 2010 թ. ապրիլ-նոյեմբերին վաճառել է 400 հատ iPhone սմարթֆոններ։ Վաճառքի մեկ երրորդը բաժին է ընկնում iPhone 3G մոդելին, իսկ երկու երրորդը՝ iPhone 4-ին։