Հայաստանում կիբերանվտանգության վիճակն իսկապես անմխիթարական է, եւ բանը ոչ թե դրա ապահովման մակարդակն է, այլ ներգրավված մարդկանց թիվը: Երկրում շատ ծրագրավորողներ կան, բայց անվտանգության մասնագետները սակավաթիվ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 1guard Security ընկերության համակարգային ադմինիստրատոր եւ Հայաստանում միջազգային մակարդակով համակարգչային անվտանգություն ապահովող արագ արձագանքման թիմի տեխնիկական ղեկավար Ատրանիկ Վարդանյանը փետրվարի 3-ին Երեւանում անցկացվող CTF EVN մրցույթի շրջանակներում։
«Մրցությունը ազարտ է, նվերները կոչված են երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելուն»,- նշեց նա:
Հարցին՝ ո՞րն է այս մասնագիտության տարածված չլինելու պատճառը, նա պատասխանեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրը համապատասխան հանրության բացակայությունն է:
«Արտասահմանում զարգացումը երկու ուղղությամբ է ընթանում՝ կա՛մ կապիտալ ներդրումների միջոցով, կա՛մ միություններ ստեղծելու: Հայաստանում ձեռնարկատերերը դեռեւս շահագրգռված չեն, քանի որ անվտանգության բացակայությունը նրանց գրպանին վնաս չի տալիս, իսկ երիտասարդներն առանձնապես ներգրավված չեն, քանի որ պահանջարկ չկա: Հայաստանում կիբերանվտանգության միակ միությունը OWASP Foundation-ն է: Բայց հիմա այնտեղ մեծ մասամբ մասնագետներ են գործում, այնպես որ՝ մեզ էլի են միություններ հարկավոր, որոնց մեջ կմտնեն պարզապես հետաքրքրված անձինք, ուսանողներ»,- ասաց Ատրանիկը:
Կազմակերպիչներին զարմացրել է մասնակիցների մեծ հետաքրքրությունը, որոնք եկել են Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Վանաձորից եւ Գյումրիից: Նշենք, որ ամենափոքր մրցակիցը դեռեւս աշակերտ է, իսկ ամենաավագը՝ 50 տարեկան է: Թիմի կազմում պետք է լինի 5-ից ոչ ավելի անդամ: Նրանց տրվում է ադմինի իրական գործունեությանը նման հանձնարարություն, սակայն նրանք պետք է հակառակ ուղղությամբ գնան՝ համակարգը ոչ թե պաշտպանեն, այլ կոտրեն:
Ատրանիկի խոսքով՝ դա սովորեցնելու լավագույն միջոցն է. թույլ տեղերը գտնելով՝ ուղղում ես համակարգի թերությունները: Մրցույթը երեխաներին կօգնի սովորել իրական կիբերհարձակումներին արագ արձագանքել:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Երեւանում մեկնարկել է Capture the Flag (CTF EVN) համակարգչային անվտանգության մրցույթը, որը 24 ժամ կտեւի: Ավելի քան 25 թիմեր կլուծեն խնդիրներ, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգության այնպիսի ուղղություններին, ինչպիսին են՝ web, forensics, Pwn, reverse engineering, networking, cryptography: Արդյունքները կհրապարակվեն վաղը՝ փետրվարի 5-ին: Հաղթողները մրցանակներ կստանան:



























