CTF Մրցույթը Երեւանում անցկացնելու մտահղացումը շատ գրավիչ էր թվացել Հայաստանում առաջին անգամ անցնող հաքերների Capture the Flag մրցույթի կազմակերպիչներ, 1guard ընկերության հիմնադիրներ Վահե Կարապետյանին ու Սիփան Վարդանյանին։ Ժամանակին նման մրցույթը օգնել էր նրանց կողմնորոշվել մասնագիտության հարցում, ու նրանք մտածեցին, որ նույնատիպ հնարավորություն էլ նոր սերնդին է պետք տալ։
«Մեր կարիերան, կարելի է ասել, սկսվել է նման միջոցառումներին մասնակցելուց, որոնք անցկացվում էին թե օնլայն, թե արտասահմանում։ Մրցույթը շատ ճանաչողական է, հետաքրքիր, ավելի շատ խաղ է հիշեցնում։ Ու եթե ժամանակին այն օգնել է մեզ կողմնորոշվել մասնագիտության հարցում, ապա մենք մտածեցինք, ինչու նման հնարավորություն չնվիրենք Հայաստանի աճող սերնդին»,- ասացին նրանք NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ, համակարգչային անվտանգության թեմայով Երեւանում անցնող Capture the Flag (CTF EVN) մրցույթի շրջանակում։
Ինչ վերաբերում է Հայաստանում Տեղեկատվական անվտանգության ընթացիկ դրությանը՝ փորձը ցույց է տվել դրական տեղաշարժներ, նշում են Վահեն ու Սիփանը։ 1guard-ն արդեն համագործակցում է մի քանի բանկային ու ֆինանսական հաստատությունների հետ, նաեւ տրամադրելով ծառայություններ այն ընկերություններին, որոնք զբաղված են մոլախաղերի ու այլ ոլորտներում։ Եվ հետո երկրում ընդհանուր առմամբ աճում է այն կազմակերպությունների թիվը, որոնք մասնագիտանում են կիբերանվտանգության ապահովման ոլորտում։
Այն հարցին, թե ինչից պետք է ամենաշատը զգուշանան օգտատերերը, տղաները նախազգուշացրեցին՝ սեփական անտեղյակությունից։ Խոսքը սեփական տվյալները պաշտպանելու, արտահոսքից խուսափելու ուղիների մասին իրազեկված լինելու անհրաժեշտության մասին է։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Երեւանում մեկնարկել է Capture the Flag (CTF EVN) համակարգչային անվտանգության մրցույթը, որը 24 ժամ կտեւի: Ավելի քան 25 թիմեր կլուծեն խնդիրներ, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգության այնպիսի ուղղություններին, ինչպիսին են՝ web, forensics, Pwn, reverse engineering, networking, cryptography: Արդյունքները կհրապարակվեն վաղը՝ փետրվարի 5-ին: Հաղթողները մրցանակներ կստանան:



























