Այսօր` նոյեմբերի 5-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մի շարք մեղադրանքներ է առաջադրել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը, որը շահագործում է Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը, ինչպես նաեւ Արարատի ոսկու վերամշակման գործարանը։
Ըստ Զաքարյանի՝ ոսկու հանքերի շահագործման լիցենզիաները կնքվել են օրենսդրության խախտմամբ։ Բացի այդ՝ լիցենզային պայմանագրերը կնքվել են 2008 թ. փետրվարի 29-ին, իսկ հանքավայրերի շահագործումը տեղի է ունեցել սկսած 2004 թվականից։
Ի. Զաքարյանը պայմանագրային պարտավորությունների խախտման մի շարք օրինակներ բերեց։ Այսպես՝ ըստ պայմանագրի, Սոթքի ոսկու հանքից պետք է տարեկան արդյունահանվեր առնվազն 600 հազ. տոննա հանքաքար, սակայն 2007 թ. արդյունահանվել է 16,6 հազ. տոննա, 2008-ին՝ 29,2 հազար տոննա, 2009 թ.՝ 320,5 հազար տոննա։ Մեղրաձորի հանքավայրից ընկերությունը պետք է արդյունահաներ տարեկան 120 հազար տոննա, սակայն փաստացի 2007-9 թ.թ. արդյունահանել է ընդամենը 1,6 հազ. տոննա հանքաքար:
«Գեոպրոմայնինգ գոլդ»-ը չի կատարել նաեւ պարտավորությունները բյուջեի հետ։ Ըստ պայմանագրի՝ պետք է կոնցեսիոն վճարներ կատարվեն, որը տեղի չի ունեցել, իսկ պարտքը տվյալ պահին, ըստ Վերահսկիչ պալատի, կազմում է 24,16 մլն դրամ (67 հազար դոլար), որից 15,3 մլն դրամը (մոտ 42 հազ. դոլար)՝ Սոթքի հանքի մասով, իսկ 8,8 մլն դրամը (24,4 հազար դոլար)՝ Մեղրաձորի։
Ի. Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ ներկա պահին GeoProMining ընկերությունների խմբի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրված են «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում՝ հօգուտ «Կառլոու Բի-Վի» ընկերության, որին բանկը 2010 թ. հունիսին տրամադրել է 250 մլն դոլարի վարկ։ Ըստ Զաքարյանի՝ այդ գումարներից Հայաստանում ոչ մի ներդրում չի կատարվել։
Ի Զաքարյանը նաեւ զարմանք հայտնեց, որ համաշխարհային շուկայում ոսկու գներն անընդհատ աճում են, իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը շարունակում է աշխատել վնասով։



























