Հայաստանում Եվրոպական երիտասարդական խորհրդարանի առաջին նորարարական ֆորումի նպատակն է ոչ միայն հայ երիտասարդներին որպես Խորհրդարանի անդամներ իրենց գաղափարները ներկայացնելու, քննարկելու հնարավորություն տալը, այլեւ նրանց նախաձեռնությունները տեղական ու օտարերկյա ընկերություններին ներկայացնելը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ֆորումի գլխավոր կազմակերպիչ Տաթեւիկ Մկրտումյանը։ Նա նաեւ նշել է այն փաստը, որ անցած տարվա նախագծերից մեկը հիմա ակտիվ կիրառվում է Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեության մեջ։

Փետրվարի 4-ին Երեւանում կայացել է Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նորարարական ֆորումի բացման պաշտոնական արարողությունը «Նորարարություններն ԱՅՍՕՐ» կարգախոսով, Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ 14 օրվա ընթացքում 120 մասնակիցներ, այդ թվում ուսանողներ, դասախոսներ քննարկելու են սոցիալական ձեռներեցության արդի խնդիրները ու դրանց լուծման նորարարական մեթոդները։ Ֆորումին մասնակցում են ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչներ, այլեւ ուսանողներ ու կամավորներ ԵՄ երկրներից։ Օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն է, ստարտապների ստեղծման խթանումը, աշխատանքի շուկայում միգրանտների ինտեգրումը, կանանց դերը գիտության ու տնտեսության ոլորտներում, միասնական թվային շուկայի զարգացումը, նաեւ սննդամթերքի անվտանգության հարցերը։ Ուշագրավ է, որ քննարկումների անցկացման ձեւաչափն այս անգամ մի քիչ փոխվել էր։ Սովորաբար մասնակիցներին բաժանում են ԵՄ-ում ընդունված որոշումների, բանաձեւերի օրինակներ, այսպես ասած նախագծերի բանաձեւեր, բայց այս անգամ նրանց տրամադրվել էր նախագծերի ներկայացման որոշակի ազատություն։

4 օրից մասնակիցները , որոնք ընդգրկված են 6 հանձնաժողովներում, Եվրոպական երիտասարդական խորհրդարանի միջազգային գրասենյակի ու Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների դատաստանին կներկայացնեն իրենց նախագծերը։ Առավել հաջող նախաձեռնությունները կառաջարկվեն տեղական կազմակերպություններին ու ընկերություններին՝ դրանց հետագա կիրառման նպատակով։

Ֆորումի արդյունքներով ընտրված պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնել Հայաստանը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի միջազգային ֆորումին, որը կկայանա այս տարվա ապրիլին Նորվեգիայում։ Ֆորումի անցկացումը կհամաֆինանսավորվի ԵՄ-ի, Հայաստանում Կարմիր խաչի կազմակերպության ու Oxfam ընկերության հայկական մասնաճյուղի կողմից։