Հայաստանում սիրում են հարցը մինչեւ վերջ քննարկել, քանի դեռ ամեն բան պարզ չի դարձել կամ լուծումը չի գտնվել: NEWS.am-ի հետ զրույցում նման տպավորություն է հայտնել Դիլիջանի քոլեջի ուսանող եւ Հայաստանում Եվրոպական երիտասարդական խորհրդարանի պատվիրակ, «Նորարարություններն ԱՅՍՕՐ» համաժողովի մասնակից Արտյոմ Կարանկեւիչը:
Նա նշեց, որ անկասկած տարբերություն է զգացվում տարբեր երկրներում կազմակերպվող համաժողովների միջեւ: «Ես շատ միջազգային հանդիպումների եմ մասնակցել, եւ ամեն անգամ զգացվում է երկրի ազգային կոլորիտը: Օրինակ՝ Հայաստանում ես նկատել եմ, որ մարդիկ սիրում են հարցը մինչեւ վերջ քննարկել, քանի դեռ ամեն բան պարզ չի դարձել կամ լուծումը չի գտնվել: Դա ձեր առանձնահատկությունն է, եւ այն ինձ շատ է դուր գալիս»,- ասել է նա:
Փետրվարի 4-ին Երեւանում կայացել է Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նորարարական ֆորումի բացման պաշտոնական արարողությունը «Նորարարություններն ԱՅՍՕՐ» կարգախոսով, Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ 14 օրվա ընթացքում 120 մասնակիցներ, այդ թվում ուսանողներ, դասախոսներ քննարկելու են սոցիալական ձեռներեցության արդի խնդիրները ու դրանց լուծման նորարարական մեթոդները։ Ֆորումին մասնակցում են ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչներ, այլեւ ուսանողներ ու կամավորներ ԵՄ երկրներից։ Օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն է, ստարտապների ստեղծման խթանումը, աշխատանքի շուկայում միգրանտների ինտեգրումը, կանանց դերը գիտության ու տնտեսության ոլորտներում, միասնական թվային շուկայի զարգացումը, նաեւ սննդամթերքի անվտանգության հարցերը։ Ուշագրավ է, որ քննարկումների անցկացման ձեւաչափն այս անգամ մի քիչ փոխվել էր։ Սովորաբար մասնակիցներին բաժանում են ԵՄ-ում ընդունված որոշումների, բանաձեւերի օրինակներ, այսպես ասած նախագծերի բանաձեւեր, բայց այս անգամ նրանց տրամադրվել էր նախագծերի ներկայացման որոշակի ազատություն։
4 օրից մասնակիցները , որոնք ընդգրկված են 6 հանձնաժողովներում, Եվրոպական երիտասարդական խորհրդարանի միջազգային գրասենյակի ու Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների դատաստանին կներկայացնեն իրենց նախագծերը։ Առավել հաջող նախաձեռնությունները կառաջարկվեն տեղական կազմակերպություններին ու ընկերություններին՝ դրանց հետագա կիրառման նպատակով:



























