Շուտով Հայաստանում հնարավոր կլինի սեփական նախագծերի համար ավելի մեծ արդյունավետությամբ միջոցներ հավաքել crowdfunding պլատֆորմների միջոցով։ Արդեն 2017-ի ապրիլ-մայիսին նախատեսվում է ակտիվացնել Հայաստանից նման նախագծերի իրականացումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Crowdfunding-ի գծով մասնագետ եւ կայքի համահեղինակ Նարեկ Վարդանյանը։
«Crowdfunding-ը միջազգային կոնցեպտ է, որը գործում է ամբողջ աշխարհում ինտերնետ պլատֆորմի միջոցով։ Ամեն տարի այդ կոնցեպտի շնորհիվ շուրջ 30-35 մլրդ դոլար է հնարավոր լինում ներգրավել։ Մեր գործունեությունն ուղղված է աջակցելու crowdfunding-ի միջոցով աշխարհի շուրջ 50 երկրներից ընկերությունների ու անձանց հաջողությամբ ֆինանսավորում ստանալուն, իսկ շուտով պատրաստվում ենք ակտիվացնել նաեւ հայկական նմանատիպ նախագծերի իրականացումը»,-ասաց նա։
Հարցին, թե Հայաստանում տարածում կգտնի՞ նման նախաձեռնությունը, Նարեկ Վարդանյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությունները ֆինանսավորում են սովորական մարդիկ, որոնց հետաքրքրել է գաղափարը։ Խոսքը խոշոր ներդրողների մասին չէ, որոնք Հայաստանի դեպքում, ամենայն հավանականությամբ, կվախենան հնարավոր ռիսկերից եւ խոշոր կապիտալ ներդրումներից։ Նրա խոսքով, ի տարբերություն բիզնես նախագծերի, crowdfunding-ում գաղափարների գրավչության գնահատումը ավելի էժան է, միաժամանակ կարելի է արագ հասկանալ, թե արդյոք գաղափարը դուր է գալիս սպառողներին, թե ոչ։
«Շատ հայտնի ընկերություններ են մասնակցում Crowdfunding-ում, հաճախ հորինված անուններով։ Նրանց թվում են Sony-ն ու Warner Brothers-ը»,-հավելեց Նարեկ Վարդանյանը։
Նրա խոսքով, նախաձեռնությունը թույլ կտա շատերին Հայաստանում գտնվելով իրականացնել իրենց մտահղացումները և գումարներ հավաքագրել ամբողջ աշխարհից։ Նարեկ Վարդանյանն արդեն մի քանի նախագծեր ունի աչքի տակ, որոնցից մեկը smart դրամապանակն է, որի հայեցակարգը ներկայացրել է հայաստանցի մի երիտասարդ։ Այն սենսոր կունենա, որը ցույց կտա դրամապանակի գտնվելու վայրը՝ հնարավոր կորստի ժամանակ։



























