Իրականում համակարգը կոտրելը, խոցելի տեղը գտնելը ավելի դժվար է, քան մրցույթի ժամանակ, պնդում են Հայաստանում առաջին CTF EVN հաքերների մրցույթի մասնակիցները: Եվ այս ամենը գերազանց փորձ ու նոր գիտելիքներ տվեցին:
Պարգեւատրման արարողությունից հետո NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հաղթող թիմերի հետ եւ տեղեկացավ նրանց հաղթանակի որոշ գաղտնիքների:
Երրորդ տեղ՝ VirOOs
«Մենք ընկերներ ենք, չնայած տարբեր համալսարաններում ենք սովորում: Մրցույթի մասին իմացանք Facebook-ում եւ անմիջապես մասնակցելու մեծ ցանկություն ունեցանք: Սա աննախադեպ է, երբ կարելի է հաքերությամբ մրցել: Հասկանալի է, որ իրականում համակարգը կոտրելը, խոցելի տեղը գտնելը ավելի դժվար է, այս հարցում մեր ինտուիտիվ կանխատեսումներն օգնեցին՝ խնդիր ունես լուծելու եւ գիտես, որ ինչ-որ տեղ սողանցք կա: Այդուհանդերձ, սա գերազանց փորձ եւ նոր գիտելիքներ տվեց, թե ինչքան փաստաթղթեր այդ ընթացքում վերընթերցեցինք՝ սարսափելի է, ամբողջ գիշեր չենք քնել, մեծ քանակով նոր բան իմացանք: Երրորդ տեղը հաճելի անակնկալ էր:
Երկրորդ տեղ՝ MythBusters
«Բոլորս բանակում ենք ծառայել եւ Հայաստանի պաշտպանության նախարարության մշակած «Կիբեր բանակ» հատուկ ծրագրի մասնակիցներն ենք: Թիմում 4 ծրագրավորող կա եւ համակարգչային անվտանգության մեկ փորձագետ: Մեզ ամբողջ օրը վախն ու սարսափն էր տանջում: Առաջին անգամ էինք նման մրցույթի մասնակցում, ուղղակի հրաշալի էր: Մենք ոչ միայն նոր ծանոթություններ հաստատեցինք, այլեւ արտահերթ շատ նոր բան սովորեցինք: Մինչեւ վերջին պահը մրցակից թիմի հետ հավասար էինք ընթանում՝ կամ առաջատարի դիրքերը զիջելով, կամ վարկանիշային աղյուսակը գլխավորելով: Հաղթանակը զիջեցինք տառացիորեն վերջին պահին, բայց ոչինչ դեռ կհաղթենք»:
Առաջին տեղ՝ HamBalls
«Թիմի անունը մի քանի տարվա պատմություն ունի, եւ որոշեցինք այն պահպանել (փորձեք կարդալ առանց անգլերեն տառադարձության): Այն, որ կազմակերպիչները եւս մի խնդիր հավելեցին, մեզ համար անսպասելի էր, եւ քիչ էր մնում հաղթանակից զրկեր: Լավ է, որ մեզնից մեկը իր ռազմավարական ծրագիրն ուներ: Նա նախապես բարդ խնդիր էր լուծել, բայց դրա մասին չէր հայտնել, որ մրցույթի մյուս մասնակիցներն այդ մասին չիմանան: Երբ MythBusters թիմը կրկին առաջ մղվեց, նրա լուծումն էլ վերջին պահին մեզ փրկեց՝ տալով 200 միավորի առավելություն: «Կիբեր բանակի» երեխեքը լավն էին, մենք ամբողջ ճանապարհը հավասար ենք անցել, այս հաղթանակը պատահականության արդյունք է, առավելությունը չնչին է»:
Մրցույթի ընթացքում բոլոր մասնակիցները ամբողջովին խրված էին խնդիրների լուծման մեջ: Շատերը գիշերն էլ մնացին, ոգեւորությունն այնքան վարակիչ էր, որ ինքս էլ չէի ցանկանում հեռանալ: Թիմերի անուններից ուշադրությունս հատկապես գրավեց Trump-ը՝ հավանաբար անդամներին ոգեշնչել էր ԱՄՆ գործող նախագահի հաղթանակը, եւ «Մրսող պինգվինները», իսկ նրանց ակնհայտորեն ոգեշնչել էր Երեւանի եղանակը, չեմ կարող նրանց հետ չհամաձայնել: Հույս ունեմ, որ Capture the Flag հաքերների մրցույթը Հայաստանում ամենամյա ավանդույթ կդառնա:

Ազազել Սարկիսովա



























