Գերկարճ իմպուլսներով ռուսական նոր լազերը Հայաստանում հետազոտողներին հասանելի կդառնա AREAL արագացուցչի վրա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԵՆԴԼ հետազոտական ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովը: Լազերային սարքը կգործարկվի «AREAL համալիրի գերարագ պրոցեսների հետազոտման լազերային տեխնոլոգիաների մշակում» ծրագրի շրջանակներում:
Նախագիծն իրականացվում է առաջավոր տեխնոլոգիաների հայ-ռուսական համագործակցության շրջանակներում՝ Ինովացիաների սատարման ռուսական հիմնադրամի (հայտնի է որպես «Բորտնիկի հիմնադրամ») եւ Հայաստանի գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Հայ գիտնականների հետ ծրագրի իրականացմանը կմասնակցի «Ավեստա» գիտահետազոտական ընկերությունը, որը գերարագ լազերների եւ ախտորոշման համակարգերի ռուսական առաջատար մշակողն է: Այն վահանակ կստեղծի միկրոաշխարհում ֆեմտովայրկյանային պրոցեսների հետազոտությունների համար (ֆեմտովայրկյանը վայրկյանից այնքան է կարճ, որքան այն՝ մի քանի տասնյակ միլիոն տարուց):
Այժմ AREAL արագացուցչի վրա արդեն գործում է ալիքի ֆիքսված երկարությամբ լազեր, իսկ ռուս մասնագետները կտեղադրեն նորը՝ ալիքի վերափոխվող երկարությամբ: Լազերի այս երկու տարբեր տեսակները հնարավոր կլինի համատեղ օգտագործել, որը զգալիորեն կմեծացնի բազմաֆոտոն միկրոսկոպիայի, սպեկտրալ անալիզի, էլեկտրոնների դիֆրակցիայի փորձարկումների հնարավորությունները:
Ինովացիաների հիմնադրամի դիտարկող խորհրդի նախագահ, պրոֆեսոր Իվան Բորտնիկն անցյալ տարի Հայաստան է այցելել եւ ծանոթացել երկրի գիտատեխնիկական պոտենցիալի հետ: Նա այցելել է ԿԵՆԴԼ ինստիտուտ, որտեղ ծանոթացել է AREAL արագացուցչին եւ դրա զարգացման հեռանկարներին:
«Նա տպավորված էր ինստիտուտի մշակումների մակարդակով եւ փորձարարական հետազոտություններով: Իսկ մենք ուախ ենք ռուս գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորության համար եւ Բորտնիկի հիմնադրամին ու Հայաստանի գիտության պետական կոմիտեին շնորհակալ ենք այս նախաձեռնության համար: Այս համատեղ նախագիծը մեծ ճանապարհի սկիզբը կլինի եւ մեր հետազոտությունները կհասցնի որակական նոր մակարդակի»,- ամփոփեց Վասիլի Ցականովը:
AREAL համալիրը գծային էլեկտրոնային արագացուցիչ է, որը կառավարվում է բարձրճշգրտության հզոր լազերով: Համալիրը նախատեսված է գերկարճ էլեկտրոնային փնջերի գեներացման համար մասնիկների արագացման հետազոտման նոր մեթոդների նպատակով, կոգերենտ ճառագայթման գեներացման եւ բնական գիտությունների ու նյութագիտության ասպարեզի հետազոտությունների համար: Նախագծի առաջին փուլը հաջողությամբ գործարկվել է 2015 թվականին:



























