Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան սպեկուլյացիա է համարում լրատվամիջոցներում այն հրապարակումները, թե ԱՄՆ–ը վարչակազմը մտադիր է սեպ խրել Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների միջեւ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Wall Street Journal–ը եւ մյուսները զբաղված են մերկապարանոց սպեկուլյացիաներով, անհիմն զրպարտություններով եւ հարաբերությունների մթնոլորտը թունավորելով։  Նման պարբերականի նկատմամբ  մեր վերաբերմունքն էլ համապատասխան է»,– ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան ցավում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները հարցերի լուծման համապատասխան գործիք չէ։

«Մենք ցավում ենք, որ այդպես է ստացվում։ Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցներն ընդունելի գործիք չեն այս կամ այն հարցերի լուծման համար»,– ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական եւ դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները: Նպատակը կրկնակի է՝ ձգտել սեղմ ժամկետում դադարեցնել Սիրիայի հակամարտությունը եւ խթանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: