Այսօր` նոյեմբերի 5-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` արձագանքելով մամուլի նոյեմբերի 4-ի հրապարակմանը, ըստ որի ՀՀ ԱՆ Կոշ քրեակատարողական հիմնարկում հարձակում է կատարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա:
Հանդիպելով ՄԻՊ ներկայացուցիչներին եւ տեղեկանալով այցի նպատակին` Ն. Փաշինյանը հրաժարվել է խոսել նրանց հետ, հայտարարելով, որ չի ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 4-ին, ՀՀ ՄԻՊ գրասենյակը վերոնշյալ դեպքի առնչությամբ դիմել էր «Կոշ» ՔԿՀ եւ պարզել, որ տեղի է ունեցել ոչ թե հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա, այլ վիճաբանություն, Փաշինյանի եւ այլ դատապարտյալների միջեւ, որը ծեծկռտուքի չի վերածվել:
Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանն էլ նշել է, որ իր պաշտպանյալը ոչ մի վնասվածք չունի:





























