Ճապոնական Toppan Printing ընկերությունը գինու շշերի համար հատուկ էլեկտրոնային պիտակներ է մշակել, որոնք արտադրողներին կօգնեն պայքարել կեղծիքների վաճառքի դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նորույթն արդեն կիրառում է Բուրգունդիայի գինու գործարանում: 

Պիտակը բարակ ձգված միկրոսխեմա է: Այն շշի բկին  այնպես է հագցվում, որ կեղծարարները չկարողանան շիշը բացել եւ կրկին խցանով փակել՝ այն էլիտային գինու փոխարեն էժանագին գինով լցնելուց հետո: Այսպիսի պիտակով պաշտպանված խցանն անհնար է նույնիսկ ասեղով ծակել՝ աննկատ մնալով:

Գնորդը ցանկացած պահի կարող է սքանավորել պիտակի վրայի հատուկ ծածկագիրը եւ գինու մասին ամբողջական տեղեկություններ ստանալ: Եթե շիշը բացված լինի կամ խցանի վրա անցք լինի, սմարթֆոնի հավելվածն այս մասին կզգուշացնի գնորդին:

Նոր տեխնոլոգիայի հեղինակները կարծում են, որ այն օգտակար կլինի գինու հայտնի արտադրողներին, որոնց համար իրենց հեղինակությունը թանկ է: Հենց այդ տեսակի գինիներն են դառնում խաբեբաների խարդախման օբյեկտը:

Արդեն 2018 թվականին ընկերությունը ծրագրել է իր ինովացիոն պիտակները վաճառել 50 ընկերությունների, առաջին հերթին՝ արտասահմանյան: