Հայկական այբուբենի փոխարեն լատինատառ գրելը վկայում է Հայաստանի կրթական համակարգում բացթողումների մասին։ Փետրվարի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նման կարծիք է հայտնել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ օգտատերերը նախընտրում են լատինատառ գրել, քանի որ այդպես հարմար է։ Առաջին հերթին՝ հայերեն տառերն ավելի շատ են, հետեւաբար ավելի շատ ժամանակ է գնում տեքստը հավաքելու համար։ Երկրորդ հերթին՝ շատերն այդպիսով թաքցնում են իրենց անգրագիտությունը, քանի որ լատինատառ հայերենի համար կանոններ չկան։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պահին երիտասարդ սերունդը առանձնապես հակված չէ կարդալու, առավել եւս՝ հայերենով։ Դրա պատճառը գրքերի, պետական նյութերի բացակայությունն է հայերենով եւ հայերենով առօրյա կյանքի վիրտուալացումը»,– ասել է մասնագետը։
Որպես լուծում՝ նա առաջարկում է դեռ դպրոցական նստարանից սկսել սովորել տեքստը հայերեն հավաքել, ինֆորմատիայի դասերն համատեղել պրակտիկայի հետ։ Բացի այդ, միջոցներ գտնել անգլերեն տառադարձումը հայերեն դարձնելու համար։
«Պետք է հասկանալ, որ գոյություն ունեն իներցիոն խնդիրներ։ Այո, մենք ինտերնետ գործածման մեջ հայերեն այբուբեն ենք մտցրել, բայց դրանով գործը չի ավարտվում։ Անգամ հայերեն այբուբեն ստեղծելուց հետո դեռ որոշ ժամանակ գիրը հունարեն տառադարձումով էր գրվում, մինչեւ որ մարդիկ սովորեցին»,– նշեց Սամվել Մարտիրոսյանը։



























