Ուկրաինան եւ Ադրբեջանը համաձայնության եկել թույլ չտալ այն ապրանքների ներմուծումը, որոնք Բաքվի եւ Կիեւի կողմից չվերահսկվող տարածքներում են արտադրվել առանց պաշտոնական իշխանությունների հավանությանն արժանանալու: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
«Նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները Ուկրաինայի եւ Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանձնարարել են հանդիպել եւ քննարկել երկու երկրների «օկուպացված» տարածքներից ստացվող ապրանքները բաց թողնելու հարցերը: Նրանք հանդիպել են եւ մեխանիզմ մշակել, որի համաձայն՝ այդ տարածքներից ապրանքները կարող են այն դեպքում ներմուծվել, եթե թույլատրվել են Կիեւի եւ Բաքվի՝ կենտրոնական իշխանությունների կողմից»,- ասել է Միշչենկոն:
Դիվանագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են Ուկրաինայի սահմանը հատել միայն Բաքվի թույլտվությամբ: Ադրբեջանը համանման սխեմա է կիրառում Դոնբասից մատակարարվող ապրանքների նկատմամբ: «Օրինակ, եթե շամպայնի մակնշման վրա գրված է Ուկրաինա, Արտեմովյան գործարան (Դոնբաս), ամեն ինչ կարգին է, բայց եթե գրված է ինչ-որ Նորռասիա կամ դրա նման մի բան, ապա բնականաբար Ադրբեջանը դա չի ընդունի: Նման մոտեցում է կիրառվում նաեւ Լեռնային Ղարաբաղից ստացվող ապրանքների նկատմամբ»,- նշել է Միշչենկոն:
«Կանոնները եւ շրջաբերականները սկսել են գործել անմիջապես, երբ նախագահները հանձնարարություն են տվել: Այս հարցում ինչ-որ միջպետական համաձայնագրեր ստորագրելու կարիք չկա: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները»,- հավելել է դեսպանը:



























