Զգալիորեն աճել է Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների փոխայցելությունների թիվը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարեւորությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում եւս համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ներուժ կա:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւս կարեւորել է Հայաստանի եւ Իրանի դատախազությունների եւ իրավապահ այլ կառույցների համագործակցությունը, հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ երկու երկրների միջեւ անցագրային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն աճել է Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների փոխայցելությունների թիվը: Դեսպանը շատ արդյունավետ է գնահատել արդեն իսկ ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունների շրջանակում, հայ-իրանական սահմանին քաղաքացիներին այցելության երկրի օրենսդրությանը ծանոթացնելու գործընթացը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, դատապարտյալների հանձնմանը առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ավելի սերտորեն համագործակցել իրանական կողմի հետ՝ ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ՝ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար իրավական պատշաճ պաշտպանության կազմակերպման նպատակով: Երկուստեք նշվել է այս ուղղությամբ իրավապահ մարմինների հետեւողական աշխատանքի կարեւորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ամրապնդել փոխադարձ համագործակցության կայուն հիմքերը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ԻԻՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին Իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձի եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շուրջ:




























