Բելառուսում Իսրայելի դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին Գերագույն դատարանի որոշումը։
NEWS.am–ի հետ զրույցում Մինսկում Իսրայելի փոխդեսպան Յուլյա Ռաչինսկի–Սպիվակովը նշեց, որ դեսպանատունը չի մեկնաբանում դատարանի որոշումը։ Միաժամանակ նա նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունն արել է հնարավոր ամեն բան Լապշինին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար։ «Ցավոք, կան շրջանակներ, որոնք սահմանափակում են մեր գործունեությունը։ Ամբողջ տեղեկությունը փոխանցվում է Իսրայել, որտեղից էլ կսպասենք հետագա ցուցումների»,– նշեց դեսպանատան ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ի նիստում մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։
Լապշինի եւ նրա փաստաբանների բողոքը դատարան էր ներկայացվել փետրվարի 6-ին։ Բելառուսի Գերագույն դատարանին բառացիորեն մի քանի ժամ է պետք եղել վճիռ կայացնելու համար, ինչը վկայում է դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին։
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» եւ երկրի ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։




























