Կիբերհարձակմամբ Հրազդանի ՀԷԿ-ի համակարգերի եւ ջրամբարների  ջրարգելակների կոտրումը կարող է ավելի աղետալի հետեւանքներ ունենալ, քան ռեակտորի եռակողմ տեխնիկական անվտանգությամբ ատոմակայանի վրա հարձակումը: Այս մասին փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախզգուշացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին երկրում կտրուկ աճել է ոչ միայն գրանցումների, պետական եւ լրատվական կայքերի վրա կիբերհարձակումների թիվը, այլեւ offline կիբերհանցագործությունների: 2016-ին կոտրվել է հիվանդանոցներից մեկի տվյալների բազան, արգելափակվել են հյուրանոցի դռները՝ փրկագին պահանջելով: Վերջերս ադրբեջանցի հաքերները ուղիղ եթերում մեր հաստատություններից մեկի հանդերձարանի տեսախցիկների հեռարձակում էին կազմակերպել:

«Բանը ինտերնետին միացվող սարքերի օրեցօր մեծացող թվի մեջ է»,- նշեց փորձագետը:

Սակայն նույնիսկ համաշխարհային ցանցին չմիանալը ոչ միշտ է անտանգություն երաշխավորում: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ բերեց այն դեպքը, որբ ցանցից դուրս գտնվող ամերիկա-իրանական մի ընկերություն են կոտրել, քանի որ չարագործն իր հետ ներս է տարել կրիչով բջջային ինտերնետ:

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ մեր ենթակառուցվածքների կիբերանվտանգությունն ապահովելու քայլեր ձեռնարկվո՞ւմ են, մասնագետը պատասխանեց, որ հատուկ հանձնաժողովի կողմից, որի անդամն է ինքը, արդեն մշակվել եւ գրախոսման է ներկայացվել է Հայաստանում տեղեկատվական անվտանգության բարձրացման ծրագիր: Մնում է հուսալ, որ դրական առաջընթաց կնկատվի դեռեւս խորհրդարանական ընտրությունների նախօրեին: