Փետրվարի 7-ին Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի (խորհրդարան) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստը, որը նվիրված էր Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերություններին եւ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։

Քննարկումներին մասնակցեց ու ելութով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, եւ, մասնավորապես, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին, խոսեց քաղաքական, տնտեսական եւ ոլորտային երկխոսության եւ ԵՄ կառույցների հետ խորացված համագործակցության մասին։

Քննարկումների ընթացքում Կարեն Նազարյանը պատասխանեց շվեդ խորհրդարանականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տարածաշրջանի զարգացումներին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակմանն ուղղված քաղաքականությանը, Սիրիական ճգնաժամին ու դրա հետեւանքով, փախստականների՝ Հայաստան ներհոսքին: