Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որեւէ պետության կամ հաստատության համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքու արտահանձնմանը:
Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին:
Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձեւավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը եւ վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որեւէ պետության կամ հաստատության համար:
Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:




























