Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը եւ նրա արտահանձնումը չի կարող որեւէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել եւ միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքու արտահանձնելուն:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ալեքսանդր Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:

Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: