Լապշինի արտահանձնման Բելառուսի կեղտոտ խաղն ընդդեմ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի է: Այս մասին փետրվարի 8-ին՝ խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա համոզմամբ՝ այս քայլը չի բխում ո՛չ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքից, ո՛չ հայ-բելառուսական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակից: «Ժողովրդավարական ոչ մի վարչակարգ չէր կարող նման բան թույլ տալ: Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն այս հարցով արդեն կտրուկ արտահայտվել է: Պատգամավորները եւս հանդես կգան՝ դրանում ոչ մի րոպե չկասկածեք: Համենայնդեպս հիմա բելառուս գործընկերների հետ ինչ-որ բանի մասին խոսելու իմաստ չեմ տեսնում: Որովհետեւ մեր խումբը բարեկամության խումբ է, իսկ Բելառուսի իշխանությունների քայլը, մեղմ ասած, ոչ բարեկամական էր: Ըստ որում՝ ոչ բարեկամական ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Լապշինը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի»,- ասաց Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:




























