Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, կարծում է` չպետք է հապշտապ որոշումներ կայացնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու գործով։
«Ես կարծում եմ, որ պետք է վճռականություն ցուցաբերել։ Մենք կիսում ենք տարբեր ուժերի պատգամավորների կարծիքները։ Կարելի է խորհրդարանում հայտարարություն անել։ Ավելի լուրջ մտայնություններ են պետք եւ դա էդպես սովորական խնդիր չէ, եւ առաջիկայում որոշակի ուղերձներ կլինեն այդ ուղղությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:




























