Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով պետք է դիմել Հայաստանի բոլոր բարեկամներին: Այս մասին փետրվարի 8-ին՝ խորհրդարանում հայտարարեց պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այդ մարդկանց տեղեկացնել, որ մարդու իրավունքները խախտվել են:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է ձեռնպահ մնալ իռացիոնալ որոշումներից, այնպիսի հայտարարություններից, ինչպիսին են՝ ՀԱՊԿ-ից կամ ԵՏՄ-ից դուրս գալը: «Այդպես մենք կարող ենք հեշտությամբ ներքաշվել մեզ չպատկանող խնդրի մեջ: Սակայն շատ բան կարելի է անել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, միջպետական այլ ուղիներով»,- հավելեց նա:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Լապշինին բանտարկելն է, այլ Երեւանին որքան հնարավոր է մեծ թվով երկրների հետ գժտեցնելը: «Դա պետք է հաշվի առնել: Բայց թող ոչ մեկը չկասկածի, որ մենք կարող ենք նման իռացիոնալ գործողություններին համարժեք պատասխանել»,- եզրափակեց Բեքարյանը: