Ալեքսանդր Լապշինը հետխորհրդային տարածքում միջպետական խաղերի գերին է դարձել։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ մեկնաբանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումը։

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից Բաքու է տեղափոխվել՝ համաձայն արտահանձնման մասին որոշմանը։ Նրան 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա արտահանձնման դեմ էին թե՛ Ռուսաստանի, թե՛ Իսրայելի իշխանությունները։ Իսրայելական կողմից բլոգերի արտահանձնման հարցում փորձում էին համաձայնության գալ փոխարտգործնախարար Ցիպի Խոթովելին եւ Կնեսետի պատգամավոր Քսենիա Սվետլովան»,– նշեց պատգամավորը։

«Որքանով ինձ հայտնի է, հակամարտության բոլոր կողմերը, իսկ այս պահին այն շատ հեռուն է գնացել, փորձում են ելք գտնել դրանից «պահպանելով դեմքը»։ Պաշտոնական բաքուն չցանկացավ հետ քայլ կատարել եւ ուղղակի հրաժարվել իր հարցումից, բայց պատրաստ է ներել Լապշինին, եթե նա այդ խնդրանքով դիմի նախագահ Ալիեւին։ Իսրայելը, որն իր ադրբեջանցի գործընկերներին իրավիճակի հանգուցալուծման տարբեր առաջարկներ է ներկայացրել, չի հանգստացա, մինչեւ Իսրայելի քաղաքացին ազատ չարձակվի։ Իսկ ես տեղեկություններ չունեմ, որ պայմանավորվածություն կա, որ Լապշինը ադրբեջանական բանտում չի նստելու։ Ռուսական կողմը, ըստ երեւույթին, որոշակի ջանքեր է գործադրում Ռուսաստանի քաղաքացուն ազատելու համար։

Իմ կարծիքով Լապշինը հետխորհրդային տարածքում միջպետական խաղերի գերի է դարձել։ Դժվար է պատկերացնել, որ նման բան է տեղի ունեցել ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում։ Հավանաբար հիմա սակարկություն է ընթանում, որտեղ պաշտոնական Բաքուն փորձում է Լապշինի դիմաց արտոնություններ պոկել։ Վեճը կհարթվի, սակայն նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ ու Իսրայելի հետ հարաբերություններում առաջացած ճեղքերը լավագույն դեպքում ստիպված են լինելու նորից ամրացնել, սակայն այդ ճեղքերը կարող են ավելի խորանալ»,– ասել է Ցինկերը։