Facebook սոցցանցը նոր հնարավորություններով է օժտել Safety Check ծառայությունը, որը ավտոմատ կերպով ակտիվանում է ճգնաժամային իրավիճակներում։ Այժմ հասանելի է նաեւ Community Help օպցիան, որը թույլ է տալիս բնական աղետների ժամանակ փոխօգնություն կազմակերպել, հաղորդում է BBC–ն։
Facebook–ի յուրաքանչյուր օգտատեր, որը հայտնվում է Safety Check ակտիվացած ծառայության տարածքում (այն գործարկվում է բնական աղետի կամ խոշոր պատահարի մասին բազմաթիվ հաղորդագրությունների դեպքում), կարող է առաջարկել կամ խնդրել ջուր, սնունդ, օթեւան կամ տրանսպորտ։ Հարմարավետության համար Facebook–ի համապատասխան էջում կան նաեւ հատուկ ենթաբաժիններ՝ «կենդանիների կեր», «երեխայի իրեր», «հագուստ»։ Բացի այդ, Community Help ծառայությունը կօգնի աղետի գոտում մարդկանց որոնելու եւ նրանց հետ կապ հաստատելու հարցում։




























