Հայաստանի քաղաքացիները կկարողանան անանուն քվեարկել United Armenian սոցիալ-լրատվական հարթակում։ Այս մասին հայտնել է 2016-ի ամռանը Հայաստանում բացված Նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։
Հակոբ Հակոբյանը հրապուրվել է ոչ թե հասարակ հարցաթերթիկ, այլ քվեարկության համար սոցիալական, անաչառ ու ամենակարեւորը՝ անանուն հարթակ ստեղծելու մտահղացումով։ United Armenian ծառայությունը շուտով կհայտնվի օնլայն տարբերակով՝ մշակողները մտադիր են դա անել ապրիլյան խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Հետագայում կհայտնվի նաեւ բջջային հավելված։
Հակոբ Հակոբյանի խոսքով ցանկացած քաղաքացի կկարողանա քվեարկել՝ գրանցվելով ու նշելով միայն իր տարիքն ու սեռը։ Համակարգը կզտի օգտատերերին ըստ տարածաշրջանների՝ նրանց IP հասցեի միջոցով։ Դա անհրաժեշտ է, որպեսզի լոկալ քվեարկությունը չխառնվի արտասահմանյանի հետ ու հնարավոր լինի խուսափել թշնամական երկրների կողմից սադրանքներից։ ԱՄՆ-ի համար, օրինակ, մտադիր են բաժանումը ոչ միայն ազգային մակարդակի վրա անել, այլև նահանգում ու նահանգից դուրս։ Ուշագրավ է, որ ձայնը հաշվի է առնվելու վիճակագրության մեջ, բայց այն թաքնված է լինելու նույնիսկ հարթակը ստեղծողներից, որպեսզի ոչ մեկին հնարավոր չլինի դիմել ու խնդրել փոխել տվյալները։ Հենց ընտրությունն արվի, այն այլեւս հնարավոր չի լինի փոխել։
Այսպիսով մշակողները մտադիր են ստանալ քվեարկողների քաղաքական նախապատվությունների պատկերը՝ առանց որեւէ արտաքին գործոնների ազդեցության, ու համեմատել այն պաշտոնական արդյունքների հետ։




























