2013 թվականից Apple կորպորացիան Կուպերտինոյում Apple Campus 2 ֆուտուրիստական կենտրոնակայան  է կառուցում: Այն հսկայական կլոր շինություն է, որի դիզայնը Սթիվ Ջոբսի խնդրանքով մշակում է բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը: Այս մասին գրում է Meduza-ն:

Նախապես ենթադրվում էր, որ շենքը շահագործման կհանձնվի 2015 թվականին: Բայց այն դեռ պատրաստ չէ: Reuters-ի աղբյուրների գնահատմամբ՝ կենտրոնակայանը շահագործման կհանձնվի 2017 թվականի գարնանը, իսկ մի քանի ամիս անց Apple-ի աշխատակիցները կփոխադրվեն նոր աշխատավայր:

Պարզվում է՝ ուշացման պատճառներից մեկն Apple-ի չափազանց պերֆեկցիոնիզմն է: Օրինակ՝ կորպորացիան պահանջել է, որպեսզի դռները շեմ չունենան:

Apple-ում դա բացատրել են այսպես. եթե ինժեներներին հարկավոր լինի փոխել քայլը՝ մտնելով շենք, նրանք կարող են շեղվել իրենց աշխատանքից:

Կորպորացիան նաեւ ցանկացել է, որպեսզի շենքում ցուցանակները համապատասխանեն իր մինիմալիստական դիզայնին, բայց հրշեջ ծառայությունը պահանջել է, որպեսզի ցուցանակները լավ նկատելի լինեն՝ արտակարգ իրավիճակների դեպքում:

Եվս մեկ խնդիր են դարձել դռան բռնակները: 2015 թվականին կորպորացիան հանձնարարել է վերամշակել դրանք, իսկ մի քանի ամիս անց Apple-ի մենեջերը նոր բռնակը պտտել է ձեռքի մեջ եւ հայտարարել, որ մակերեւույթին անհարթություններ է զգում:

Reuters-ի աղբյուրները պատմել են, որ Apple Campus 2-ի վերելակներում iPhone-ի Home կոճակը հիշեցնող կոճակներ են օգտագործում, իսկ զուգարանների դիզայնն Apple-ի սմարթֆոնների դիզայնն է հիշեցնում: