Մեծանուն դերասան Սոս Սարգսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել է փոխել Ստեփանավան քաղաքի անունը:

Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի բացման ժամանակ Սոս Սարգսյանը հայտարարել է. «Նույնքան հուզված եւ ուրախ եմ, որքան դուք: Մշակույթի պալատի բացումը մեծ նվաճում է Ստեփանավանի համար, եւ մշակութադաստիարակչական առումով մեծ դեր է խաղացել: Լոռին հայտնի է որպես Հայաստանի մարգարիտ, իսկ Ստեփանավանը իրապես կարելի է կոչել Լոռու մարգարիտ»,- ասել է նա:

Օգտվելով առիթից, որ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Ստեփանավանում, Սոս Սարգսյանն առաջարկել է քաղաքը վերանվանել Լորե, ինչպես նաեւ ուշադրության դարձնել ջրի խնդրին, փողոցների վիճակին:

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոռու մարզ:

Նախագահը նախ այցելել է Ստեփանավան քաղաք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին՝ «Քաղաքի օր» տոնակատարությանը, Ստեփանավանի հիմնանորոգված մշակույթի պալատի եւ նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: Մշակույթի պալատի շինարարությունը սկսվել է 2006-ին՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Շինարարությունը տեւել է 4 տարի: