ՆԱՍԱ-ի հետազոտողները էլեկտրոնային հաշվիչ սարք են ստեղծել որը Վեներայի մակերեւույթին կարող է դիմանալ բարձր ջերմաստիճանին եւ մթնոլորտային ճնշմանը: Այն կօգտագործվի 2023 թվականին Երկրին ամենամոտ մոլորակ ուղարկվող սարքում, հայտնում է Gizmodo-ն:
Վեներայի մակերեւույթի ջերմաստիճանը Ցելսիուսի մոտ 500 աստիճան է, իսկ մթնոլորտի խտությունը ընդամնեը 15 անգամ է փոքր ջրի խտությունից: Այս ամենը ոչ միայն տիեզերագնացներին թույլ չի տալիս Վեներա այցելել, այլեւ խոչընդոտում է անօդաչու հետազոտական սարքերի աշխատանքին, որոնք այս խիստ պայմաններին 2 ժամից ավելի չեն դիմանում:
Համակարգչային կրիչը ոչ թե կրեմնիում, այլ ածխածնի հետ կրեմնիումի միացություն է պարունակում: Սա թույլ է տալիս մետաղների կիսահաղորդչային հատկությունները պահպանել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Սխեմաների բաղադրիչների միացման համար օգտագործվել են նաեւ ջերմակայուն այնպիսի նյութեր, ինչպիսին տանտալի սիլիցիդն է:
Կրիչի աշխատանքը փորձարկվել է Վեներայի պայմանները վերարտադրող սարքի վրա: Սխեման դիմացել է ավելի քան 21 օր:




























