Իսրայելի առջեւ շատ բարդ ընտրություն է՝ արձագանքել Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակին, թե՞ խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը։
«Իհարկե, դժվար է ինչ-որ բան խոսել Իսրայելի անունից։ Մի կողմից Իսրայելում դժվար թե կարողանան ձեւացնել, թե առհասարակ ոչինչ չեն նկատել։ Բայց բիզնեսը մնում է բիզնես։ Եվ ըստ ամենայնի, շատ եկամտաբեր Իսրայելի համար։ Դրա համար էլ ընտրությունը շատ բարդ է լինելու»,- նկատել է փորձագետը։
Միաժամանակ, նա հիշեցրեց, որ Ալեքսանդր Լապշինը Իսրայելից բացի ունի նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն։ «Ռուսաստանն ու Իսրայելը կարող են սկսել մեկը մյուսի վրա բարդել Լապշինի մասին հոգատարությունը, եւ արդյունքում նա կարող է առհասարակ մնալ առանց աջակցության»,- նկատեց Ալեքսանդր Խրամչիխինը։
Ռուսաստանի, Իսրայելի ու էլի մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Իրականում մեղադրանքները շինծու են ու ուղղակիորեն խախտում են խոսքի ազատությունը, ինչի մասին Ադրբեջանի իշխանությունների հիշեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական կառույցների ներկայացուցիչները։
Ռուսաստանն ու Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման մասին որոշման չեղարկմանը։ Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս տված մամուլի ասուլիսից հետո առավել քան ակնհայտ դարձավ, որ արտահանձնումը կկայանա։ Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին հասցրել են Բաքու։




























