Բաքվում պատրաստ են հանդիպել, բայց հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարել՝ ոչ։
Այսպես՝ «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ «Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»։ Նրա խոսքով՝ այդ գաղափարը հնչել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Խոսքը եռակողմ հանդիպման մասին է, սակայն մոտավոր ժամկետները չեն քննարկվել։ «Դա գրաֆիկների համաձայնեցում է պահանջում։ Դեռեւս կոնկրետ ժամկետներով առաջարկ չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,– ասել է Մամեդյարովը։
NEWS.am–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից հիշեցրին, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել էր հայկական կողմի դիրքորոշումը Մյունխենում կայանալիք ամենամյա գիտաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման մասին։ Նախարարն ասել էր, որ Հայաստանը սկզբունքորեն հանդիպումների կողմնակից է։ Այս դեպքում Հայաստանի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը կախված կլինի ադրբեջանական կողմի պահվածքից։
Հատկանշական է, որ Բաքուն, որը պատրաստակամություն է հայտնում մասնակցել հանդիպումներին, հետո հրաժարվում է կատարել դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի վառ օրինակը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն են։




























