Հայաստանի բնակչության 90 տոկոսը դրական է վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգմանը: Նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տվյալներ ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Հայաստանի հասարակությունը 2010 թվականին ավելի ակտիվորեն արձագանքել է 3 երեւույթների վերաբերյալ, որից մեկն էլ վերոնշյալ արձանագրությունն էր:

Ադիբեկյանը հայտարարել է,  որ բնակչության մեծ մասի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից հետո պետք է դառնա հատկապես Ռուսաստանը:

«Այդ ցուցակում է հայտնվել նաեւ Թուրքիան: Հարցվածների 3 տոկոսը կողմ են արտահայտվել, որ Հայաստանը մերձեցնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- նշեց սոցիոլոգը:

«Հասարակությանը հետաքրքրած երկրորդ երեւույթը հայ-թուրքական սահմանը բացելու եւ երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու փորձերն էին, սակայն այս դեպքում հարցվածների միայն 46 տոկոսն է կողմ արտահայտվել»,- հավելեց Ադիբելյանը:

3-ը`ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն էր Հայաստանի վրա:

«Մեր տվյալներով, մինչեւ ճգնաժամը Հայաստանի բնակչության 60 տոկոսը կարողացել է իրեն ապահովել,  իսկ 40 տոկոն իրեն համարել  է նյութապես անապահով: Հարցվածների 46,1-ն ասել է,  որ ճգնաժամից հետո կորուստներ են ունեցել, այդ թվում բիզնեսի, բուժման, կրթություն  ստանալու, ինչպես նաեեւ ստիպված արտագաղթը»,-նշեղ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը` հավելելով, որ բնակչությունն արձագանքել է նաեւ կառավարության` ճգնաժամի դեմ պայքարին  ուղղված միջոցներին:  Հայաստանի բնակչության 48,9 տոկոսն ասել է, որ դրանք ավելի շուտ անարդյունավետ են, քան արդյունավետ, իսկ 10,6 տոկոսը բացարձակ անարդյունավետ է համարել:

Ամփոփելով` Ադիբեկյանը նշել է, որ հայկական ընտանիքների մեծ մասը ոչ օբյեկտիվ է գնահատում իր նյութական վիճակը:

«ՄԱԿ«-ի չափորոշիչների համաձայն, հարցված ընտանիքների 46 տոկոսը գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, սակայն միայն 19 տոկոսն է դա վերագրում իրենց»:

Նշենք, որ հարցմանը մասնակցել են տարբեր տարիքի եւ սեռի եւ սոցիալական խմբին պատկանող 1650 մարդ Հայաստանից եւ շրջաններից: