ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ ապահովագրության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին նաեւ իրանական երեք խոշոր ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրեններ։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին եւ նշել, որ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առեւտրաշրջանառության մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը եւ հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։

Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նշել է, որ երկու երկրների բարձր մակարդակում գտնվող քաղաքական եւ տնտեսական կապերը լավ հիմք են զարգացնելու համագործակցությունը ապահովագրության ոլորտում։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը հյուրերին տեղեկացրել է, որ 2015 թվականին գործակալության եւ Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։ Վազգեն Աբգարյանն առաջարկել է խորացնել համագործակցությունը վերաապահովագրության ոլորտում՝ ուղենշելով դեպի Իրան արտահանման վարկի վերաապահովագրության գործարքներների հնարավորությունը։

Իրանական կողմն իր հերթին առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի եւ Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջեւ՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։

Իրանի Իսլամական  Հանրապետությունում գործող «Իրան» ապահովագրական ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման եւ համագործակցության համար եւ նշել, որ իրանական ընկերություններն իրենց մեծ պատրաստակամությունն են հայտնում բազմաոլորտ համագործակցության համար։ Իրանական կողմի խոսքով՝ կա, օրինակ, զբոսաշրջության ոլորտի ապահովագրության մեծ ներուժ ՝ պայմանավորված երկու երկրներ մուտքի դյուրացմամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հստակ նախագիծ մշակել եւ կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։