Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինը երբեք Ինտերպոլով չի հետախուզվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:

«ՀՀ Ոստիկանության հարցման ի պատասխան, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից այսօր պատասխանեցին, որ Ալեքանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»,¬- գրել է Մալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: