Հայաստանում տեղեկատվական անվտանգությունը բարձրացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ապահովել օգտատերերի իրազեկումը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Microsoft Armenia-ի համակարգային ճարտարապետության հարցերով փորձագետ Արմեն Ջուգարյանը։
Նրա խոսքով ամեն վայրկյան աշխարհում 12 մարդ է դառնում կիբերհանցագործությունների զոհ։ Օգտատերերը պետք է ավելի ուշադիր լինեն անվճար ծառայությունների հանդեպ, ստուգեն աղբյուրները,կարդան պայմանները։ Կիբերհանցագործությունները շատանում են օրեցօր, բազմաթիվ միլիարդների վնաս հասցնելով խոշոր ու միջին կորպորացիաներին։
«Մինչեւ վերջերս Հայաստանում ընկերություններն առանձնապես ուշադրություն չէին դարձնում տեղեկատվական անվտանգությանը։ Բայց իրավիճակը սկսում է փոխվել։ Կարեւոր է բացատրել ձեռներեցներին, թե որքանով է կիբերպաշտպանության տեղադրումը նվազեցնում կորուստների հավանականությունը՝ սպասակման գինն ու խոցելիության պատճառով պոտենցիալ վնասն անհամամեմատելի են»,- նշել է խորհրդականը։
Կիբերհարձակումների են ենթարկվում նաեւ սովորական մարդիկ, միջինը տարեկան 400 մլն անգամ։ Օգտատերերի մոտ 53 տոկոսը հրաժարվում է պաշտպանության ֆունկցիաների ավտոմատ թարմացումից։ Անցած տարի ստեղծվել է մոտ 317 մլն վնասակար ծրագիր, որոնք կարող են միլիոնով ավելացնել ամեն օր կատարվող կիբերհանցագործությունների քանակը։ Արմեն Ջուգարյանը շեշտել է, որ դրանք անհիմն թվեր չեն, այլ պաշտոնական վիճակագրական տվյալներ։
Վիրուսներ, որոնք իրենց մեջ պարունակում են էլոկտրոնային հաղորդագրությունները, ռենդոմային սկզբունքով հղումներ, անվճար հավելվածներ՝ սպառնալիքն ամեն անկյունում է։ Կրակի մեջ յուղ է լցնում այն փաստը, որ շատերը նախընտրում են օգտվել ծրագրերի ծովահենային վարկածներից։ Հայաստանն այս հարցում բացառություն չէ։ Global Software Survey-ի տվյալներով մեր երկրում գործածվող ծրագրերի 86 տոկոսը արտոնագրեր չունի։ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների ցանկում Հայաստանը երկրորդ տեղում է։
Microsoft -ը համակարգչային ու համակարգային անվտանգության երաշխիքների համար առաջադրում է ծառայությունների այնպիսի փաթեթներ, ինչպիսիք են Advanced Threat Analytics, Azure Security Center, Enterprise Mobility Suite, Operations Management Suite-ը։ ԸՆկերությունը նաեւ ակտիվ համագործակցում է կառավարական կառույցների հետ։ 1guard Security ընկերության ու ArmSec ակադեմիայի հետ համատեղ Microsoft Armenia-ը կանոնավոր կերպով ուսուցողական դասընթացներ է կազմակերպում։




























