Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ նոյեմբերի 5-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի նկատմամբ, ով հոկտեմբերի 28-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել 18-ամյա ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նշենք, որ Բարեղամյանը ձերբակալվել էր նոյեմբերի 4-ին՝ ՀՀ քր.օր.-ի 375 հոդվածի (իշխանազանցություն) մեղադրանքով:

Գեղարքունիքի մարզի բնակիչ Էրիկ Գրիգորյանի հայրը պատմել էր, որ իր որդուն դաժան ծեծի է ենթարկել Արման Բարեղամյանը: Սպան զինվորին հարվածներ էր հասցրել նույնիսկ այն ժամանակ, երբ զինվորն ուշագնաց էր եղել:

Արմեն Բարեղամյանին մի քանի ամիս առաջ եւս նույն հոդվածով մեղադրանք էր ներկայացվել, հոկտեմբերի 18-ին գործն ուղարկվել էր դատարան, սակայն նա շարունակում էր աշխատել: