Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկու երկրնեի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ուղերձներ են փոխանակել:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով եւ որ դա նախ եւ առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջեւ, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ եւ այս հարուստ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:
Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել կամրապնդվի եւ կխորանա՝ ի շահ երկու հարեւան ժողովուրդների բարօրության: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Մոհամմադ Ջավադ Զարիֆի անձնական ավանդը երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում՝ շնորհավորելով այս կարեւոր իրադարձության կապակցությամբ եւ մաղթելով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:
Նախարար Զարիֆն իր ուղերձում գոհունակությամբ նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների կամքի ու կառավարման շնորհիվ մեր պետությունների միջեւ հարաբերությունները զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Իրանի արտգործնախարարը հավելում է, որ կասկածից վեր է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգերորդ տարեդարձի շեմին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ այցելությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու առաջ մղմանն ուղղված հերթական քայլ է: Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին, կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Իրանի ԱԳ նախարարը մաղթում է Հայաստանի արտգործնախարարին քաջ առողջություն եւ հաջողություն, Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ երջանկություն:




























