Երեւանի «Զատիկ» եւ Խարբերդի մանկատներին աջակցության նպատակով «Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած բարեգործական երեկոյին կազմակերպված դրամահավաքի ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 75 հազար 430 դրամ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀԿ նախագահ Բագրատ Մովսիսյանը՝ ցավ հայտնելով, որ հայ գործարարներն այդպես էլ որեւէ աջակցություն չեն ցուցաբերել մանկատներին:
Մովսիսյանը նշել է, որ հանգանակված գումարն էլ թեեւ մեծ չէ, սակայն սրտանց է տրվել:
«Հանգանակություն են կատարել անգամ արեւելյան երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Նվիրատվություն էր արել անձամբ Հայաստանում Սիրիայի դեսպան Աբդուլ Համիդ Սալլումը»,- ասել է ՀԿ նախագահը:
Բագրատ Մովսիսյանի փոխանցմամբ, շատ գործարարներ հայտարարում են, թե մշտապես օգնում են մանկատներին, սակայն «Զատիկ» եւ Խարբերդի մանկատներից ստացված ահազանգները հակառակի մասին են վկայում: Գործարարների մի մասն իր հրաժարումը պատճառաբանել է, թե «բարեգործական նպատակների ֆոնդը սպառվել է», իսկ մի մասն ընդհանրապես չի արձագանքել օգնության կոչերին:
«Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ-ի բարեգործական երեկոն տեղի էր ունեցել
հոկտեմբերի 31-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
































