Առանց կառավարության աջակցության ստարտապների գաղափարը չի դառնա մեյնսթրիմ։ Startup Europe Week Yerevan -ի շրջանակում NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Kolba Lab Lead սոցիալական վենչուրային ինկուբատորի ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ղեկավար Մարինա Մխիթարյանը։

Որպես պատկերավոր օրինակ նա բերել է Իսրայելը։ Հիշեցնենք , որ այդ երկրի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մինչ եւ 200 հազար շեկել՝ մոտ 52 հազար դոլար ներդնել գաղափարների փուլում գտնվող նախագծերի կամ բիզնես ծրագրերում։ Բացի այդ, «Նորարարական վիզաների» գործարկված ծրագիրը թույլ է տալիս օտարերկրյա գործարարներին ապրել Իսրայելում երկու տարի ու ստանալ պետական ֆինանսական աջակցություն։ Այսպիսով Իսրայելը ձգտում է ամրապնդել  նորարարությունների ու ձեռներեցության ոլորտում համաշխարհային առաջատարի իր դիրքերը ։

«Մեր երկրում էլ են նույնատիպ փորձեր ձեռնարկվում, հենց թեկուզ «Ձեռնարկությունների ինկուբատորը», որը գործում է կառավարության աջակցությամբ։ Բայց ավելի մեծ ծավալ է պետք»,- նշել է Մարինա Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է ժամանակակակից տեխնոլոգիաները պետական կառույցների գործունեության մեջ ինտեգրելու հնարավորությանը՝ նա նշեց, որ մենք արդեն ունենք նախադեպեր։ Վերջերս Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ու ԵՄ-ի աջակցությամբ բացվել է կայք իրավաբանական ակտերի հրապարակման համար, որը բոլոր ցանկացողներին թույլ է տալիս ներկայացնել սեփական օրինագծեր, առաջարկներ Հայաստանի սոցիալական բարեկեցության լավացման համար։ Նախաձեռնությունները կարելի է գնահատել՝ դրական կամ բացասական։ Այս պահին գործում է 25 ակտիվ նախագիծ։