Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման նվազում: Նախորդ յոթնօրյակում արձանագրված 165-ի համեմատ այս շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի խախտումը կրճատվել է շուրջ 60 դեպքով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, հակառակ դրան, աճել է դիպուկահարային զինատեսակների կիրառման քանակը: Նկատելի ակտիվություն է արձանագրվել նաեւ ադրբեջանական օդուժի կողմից սահմանային գոտու երկարությամբ իրականացված վարժաուսումնական եւ հետախուզական շրջաթռիչքների առումով, որի ընթացքում հակառակորդը գործողության մեջ է դրել ինչպես մարտական ինքնաթիռներ, այնպես էլ` անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ուժերի եւ հակաօդային ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողությունների շնորհիվ ապահովվել է Արցախի ցամաքային եւ օդային սահմանների լիարժեք պաշտպանությունը: Անհրաժեշտության դեպքում հակառակորդի դիրքապահ ստորաբաժանումները ստացել են համարժեք պատասխան: