Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչություն. Քուրդիստանի ժողովրդական միության ղեկավարների տների մոտ միաժամանակ պայթել է երեք ավտոմեքենա: Կազմակերպությունը փաստացի ղեկավարում է երկրի հյուսիսային հատվածը: Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, պայթյունի հետեւանքով տուժել է 27 մարդ: Սպանվածների եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:

Նշենք, որ Բաղդադից 290 կմ հեռավորության վրա գտնվող Քիրքուկում բնակվում են արաբներ, թուրքեր եւ քրդեր: Երեք էթնիկ խմբավորումները պայքարում են նավթով հարուստ տարածքների համար: Քրդերը պայքարում են Քիրքուկն, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանի կազմում ընդգրկելու համար: Արաբներն ու թուրքերն էլ դեմ են այդ քաղաքի` ամբողջությամբ քրդական հսկողության տակ անցնելուն:

Անհանգիստ է եղել նաեւ երկրի այլ տարածքներում: Բաղդադի Աբու Նավաս արվարձանը, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենտրոնական շրջանը, որտեղ գտնվում են պետական հաստատություններն ու դեսպանատները, ենթարկվել են գնդակոծության: Հարձակման հետեւանքով երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է rbc.ru-ն: