Հայաստնաում անցյալ տարի գրանցվել է մոտ 120 ստարտափ: Դրանցից շատերն արդեն բավական սերտ համագործակցում են ամերիկացի ձեռնարկատերերի հետ: Հայկական որոշ ստարտափեր արդեն հասցրել են այնտեղ մասնաճյուղեր բացել, ներդրումներ ստանալ, իսկ ահա եվրոպական շուկան նոր են սկսում նվաճել: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Արդյոք Հայաստանի ՏՏ ոլորտն ակտի՞վ է զարգանում:

Այո՛, Հայաստանում ստարտափ շարժումը սրընթաց թափ է հավաքում: Մեր արտադրանքներն ու տեխնոլոգիաներն արտասահմանում ավելի հայտնի են դառնում: Ներդրողների շրջանում էլ մեր էկոհամակարգի նկատմամբ ավելի մեծ վստահություն է առաջանում, նրանք ավելի հաճույքով են սկսում ներդրումներ կատարել հայկական ձեռնարկություններում եւ կազմակերպություններում: Դրական գործոնների թվում կարելի է նշել բազմաթիվ աքսելերատորների եւ ինկուբատորների հայտնվելը:

Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանում Startup Europe Week-ի նման միջոցառումների անցկացումը:

Մեզ մոտ բավական մեծ միություն է ձեւավորվում, որին աջակցություն, շփում, փոխգործակցություն եւ նոր գաղափարներ են անհրաժեշտ: Startup Europe Week-ի նման միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն է ունենում եւ ընդլայնում է սահմանները: Մենք արդեն բավական սերտ համագործակցում ենք ամերիկացի ձեռնարկատերերի հնետ: Մեր որոշ ստարտափեր արդեն հասցրել են այնտեղ մասնաճյուղեր բացել, ներդրումներ ստանալ, իսկ ահա եվրոպական շուկան նոր ենք սկսում նվաճել:

Ամերիկյան եւ եվրոպական շուկաների միջեւ տարբերություն կա՞:

Եվրոպան ավելի պահպանողական է եւ չի սիրում ռիսկի դիմել: Դրանից զատ, ի տարբերություն ԱՄՆ-ի, այն ներառում է տարբեր մշակույթ, էկոհամակարգ ունեցող մի շարք շրջաններ: Այն, ինչ Գերմանիայում տարածված է, հնարավոր է՝ Ֆրանսիայում չարմատակալի: Սա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, արտադրանքը պետք է հարմարեցնել առանձին կողմերի շահերին: Սակայն Եվրոպան ինքն էլ է գիտակցում, որ կարող է հետ մնալ, եթե չսկսի ներ նախաձեռնություններին աջակցել եւ ստարտափերին ֆինանսավորել: Startup Europe Week նախաձեռնությունը դրա հաստատումն է: Նստաշրջանն անցկացվում է 300 քաղաքներում եւ մեծ լսարան է ընդգրկում, ինչը եվրոպական շուկայի համար նոր կապեր, նախագծեր եւ հնարավորություններ է նշանակում:

Ի՞նչն է խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի աճը:

Մենք հետաքրքիր լուծումներ ենք առաջարկում, աշխատում ենք վերջին տեխնոլոգիաներով, ինչը մեր հանդեպ ներդրողների հետաքրքրությունը գրավում է: Դրա հետ մեկտեղ, պարբերաբար տարբեր հանդիպումներ, նստաշրջաններ ենք անցկացնում, նոր ծրագրեր ենք մշակում: Այս միջոցառումներից յուրաքանչյուրը եզակի է, եւ որոշ նախագծեր արդեն Եվրամիությունն է ֆինանսավորում: Դա մեզ հնարավորություն է տալիս տեխնոլոգիական կենտրոններ, աքսելերատորներ բացել նաեւ այլ քաղաքներում, Երեւանից բացի՝ Գյումրիում, Ղափանում, Վանաձորում: IBM եւ Microsoft ընկերությունները այս նախաձեռնություններին ամեն ինչով աջակցում են: Երիտասարդությանն այս իրարանցումը ոգեշնչում է, նրանք գործունեության լայն տիրույթ են ստանում: Ստարտափերի համար կազմակերպված մեր վերջին միջոցառումների ժամանակ ներդրողներից մեկը միջոցներ ներդրեց միանգամից երկու ծրագրում:

Երիտասարդ ստարտափերը հատուկ պատրատության կարիք ունե՞ն:

Մենք մեր ծրագրերի շրջանակներում պարբերաբար սեմինարներ եւ դասընթացներ ենք անցկացնում: Երեխաները պետք է ծանոթանան ձեռնարկատիրական գործունեության մշակույթի հետ, նախագծերի առաջմղման հմտություններ ձեռք բերեն: Կարեւոր է ոչ թե ներդրողին պարզապես ներկայացնել այն, ինչ ունես, այլ այն, ինչ նրան է անհրաժեշտ:  Նրանց շուկայի մասը դառնալու համար, հարկավոր է նրանց հետ նույն լեզվով խոսել, խաղալ նույն հարթության մեջ: Վերջերս մենք ավարտեցինք նախապատրաստության եռամսյա դասընթացը՝ մի քանի մասնակիցների պրակտիկայի ուղարկելով Սիլիկոնյան հովիտ:

Տարեկան միջինը քանի՞ ստարտափ է բացվում:

Անցյալ տարի գրանցվել է մոտ 120 ստարտափ: ՏՏ ոլորտի աճի վրա դրական արդյունք է ունեցել 3 տարի առաջ ընդունված օրենքը, որի համաձայն ստարտափ ընկերությունները նախկին 30 տոկոսի փոխարեն կարող են վճարել արտոնյալ 10 տոկոս եկամտահարկ: Մենք սկսել ենք զբաղվել ոչ միայն աուտոսորսինգով, այլեւ ստեղծել մեր նախագծերը:

Եթե ներդրումների մասին թվերով խոսենք, որքա՞ն է անհրաժեշտ, որ գործընթացն սկսվի:

Դժվար է ասել: Միջինը 50-ից մինչեւ 100 հազար դոլարը կբավականացնի՝ 1-2 տարի դիմանալու համար: Ըստ որում՝ ծախսերը կաճեն, եւ կպահանջվեն ավելի խոշոր միջոցներ՝ նվազագույնը կես միլիոն: Եթե խոսքը ինժեներական նախագծերի մասին է, ապա ավելի մեծ ներդրումներ են պետք՝ անհրաժեշտ սարքավորումները գնելու համար: Ցանկացած դեպքում չի կարելի թուլանալ, երկրորդ ռաունդից հետո պետք է անցնել երրորդին եւ այլն: Եթե ֆինանսավորում չկա, կրպակը փակվում է: Իհարկե: