Ժամը 22:30-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու եւ դիմել փախուստի: Վթարի ենթարկվածները քույր ու եղբայր են: Քույրը՝ 24-ամյա Ամալիկ Մամունցը, տեղում մահացել է, իսկ նրա կրտսեր եղբայրը տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց: Ճշտված տեղեկություններով, նրանք բնակվում են Շինարարների 6, բնակարան 2 հասցեում:
Ականատեսները պատմում են, որ վրաերթի երթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լեւոն Շմավոնյանը, Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, նրա տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել են ճանապարհի այդ հատվածը, քանի որ ՃՏՀ քննության բաժնի քննիչները դեպքի վայրում տեղազննման եւ փորձաքննության աշխատանքներ են իրականացնում:
Նրանք դեպքի վայրում ավտոմեքենայի ինչ-որ մասեր են հայտնաբերել, որոնք BMW մակնիշի ավտոմեքենայի են եւ հավանաբար, վրաերթ կատարած մեքենայից են պոկվել:
Դեպքի վայրում են նաեւ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները:
Ավելի ուշ, վրաերթ կատարողն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա 30-ամյա Կարեն Վազգենի Դավթյանն է:









Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























