Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն, Մաքլարենի արշավորդ Ջենսոն Բաթոնը Բրազիլիայի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումից հետո Սան Պաուլուում ենթարկվել է զինված հարձակման, հաղորդում է Reuters-ը:

Մեկ տարի առաջ Սան Պաուլուի Ինտերլագոս ավտոարշավարանում Բաթոնը հռչակվեց աշխարհի չեմիոն: Այս տարի արշավորդը ոչ միայն հեռու է չեմպիոնական տիտղոսից, այլեւ մեկնարկ դուրս կգա հոգեբանական ծանր վիճակում:

Նոյեմբերի 6-ին կայացած որակավորման մրցումից հետո Բաթոնը հոր, բժշկի եւ մենեջերի հետ վերադարձել է հյուրանոց: Քաղաքի ոչ ծայրամասային փողոցներից մեկում չեմպիոնի ավտոմեքենան կանգնեցրել են զինված վեց մարդիկ: Ոստիկան-վարորդը հասցրել է ժամանակին կողպել ավտոմեքենայի դռները եւ հեռանալ: Ոչ մեկը չի տուժել:

Տեղեկատվությունը հաստատել են Մաքլարեն թիմում, հաղորդում է BBC-ն: Քաղաքային իշխանություններն արձագանքել են ակնթարթորեն եւ խոստացել են խստացնել հսկողությունը:

Հանցավորության մակարդակը Բրազիլիայի քաղաքներում չի նվազում, ինչը առաջացնում է միջազգային հանրության անհանգստությունը, քանի որ առաջիկա տարիներին Բրազիլիան ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը եւ ամառային Օլիմպիական խաղեր: