Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները հայկական Ovak Technologies ընկերության հետ համատեղ ստացել են պետական աջակցություն ՝ նավթի արդյունահանման կառավարման ավտոմատիզացված համակարգեր մշակելու համար։ Հետազոտությունների խմբի ղեկավար, համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետի «Կառավարման համակարգեր» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցին ասել է , որ հայկական կողմից նախագծին աջակցելու է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, իսկ ռուսական կողմից՝ Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամը, որը հայտնի է որպես Բորտնիկի հիմնադրամ։
Ռուսական կողմից նախագծի գործընկերն է դառնալու «Նավթամատիկա» ընկերությունը։ Արդեն մի քանի տարի է Ovak Technologies–ը ու «Նավթամատիկան» համատեղ նախագծում են, ստեղծում ու ներդնում նավթի արդյունահանման կառավարման այսպես կոչված ինտելեկտուալ համակարգեր։ Այդ մշակումներից արդեն օգտվում են ռուսական խոշոր նավթային հոլդինգները, օրինակ «Տատնեֆտը», «Ռոսնեֆտը», «Լուկոյլը» և այլն։ Նրանք պատրաստ են օգնել նոր տեխնոլոգիաները դաշտային պայմաններում փորձարկելուն։
Ինժեներների կողմից արվածը կլրացնեն Երևանի Պոլիտեխի կիբերնետիկ գիտնականները, որոնք տեխնիկայի ու արդյունաբերության տարբեր ոլորտներում կառավարման բարդ համակարգերի մշակման բազմամյա փորձ ունեն։ «Կառավարման համակարգեր» կաֆեդրան համալսարանում համարվում է առաջատարներից մեկը, իսկ դրա գիտնականների աշխատանքները լավ ծանոթ են ռուս գործընկերներին։
Ի՞Նչ խնդիր են լուծելու նավթի արդյուհանման կառավարման «ինտելեկտուալ» համակարգերը։ Դրանք տարբեր չափման հաղորդիչներից ստացված ազդանշանները մշակելու հիման վրա ավտոմատ կերպով որոշելու են, թե ինչքան նավթ է հավաքվում ստորգետնյա ռեզերվուարում ու ըստ այդմ ինքնուրույն, այսինքն առանց օպերատորի միջամտության, կանոնակարգելու են խորքային պոմպերի արագությունը։ Եթե համակարգը «տեսնում է» , որ ռեզերվուարը լիքը չէ, պոմպի աշխատանքը դանդաղեցվում է։ Իսկ եթե նավթը շատ է կուտակվում, արագացվում է։ Գործնական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ պոմպի էներգիայի ծախսը դրանից կարող է նվազել 20-30 տոկոսով։
Հայ ու ռուս ինժեներները մշակում են նաև զանազան նավթային օբյեկտների հատուկ սիմուլյատորներ ՝ համակարգչային ու սարքային մոդելավորող սարքավորումներ։ Դրանց օգնությամբ փորձարկումների մի մասը կարելի է անցկացնել լաբորատորիայում, հետևաբար՝ զգալիորեն կրճատել դաշտային աշխատանքների ծավալը։
«Իհարկե առանց բնական պայմաններում փորձարկումների հնարավոր չի լինի, քանի որ գործնականում հայտնաբերվում են այնպիսի պայմաններ ու իրավիճակներ, որոնք հնարավոր չէ մոդելավորել աշխատասենյակում։ Բայց մեր գիտելիքների ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործածման օգնությամբ ջանքերն ու ծախսերը կարելի է մի քանի անգամ կրճատել» ,- նշել է պրոֆեսոր Գասպարյանը։




























