Ֆրանսիացի ձեռնարկատերերին կծանոթացնեն Հայաստանի բիզնես միջավայրի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան -Ֆրանսուա Շարպանտյեն՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դեսպանը նշել է, որ ֆրանսիական կողմն ակտիվորեն աշխատում է Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ուշադրությամբ հետեւում երկրի տնտեսական քաղաքականությանը։ «Հարկային քաղաքականության մեջ, մոնոպոլիայի, կոռուպցիայի դեմ պայքարում։ Այն, ինչն ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը, չի կարող չնկատվել մեր կողմից»,-նշել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների զարգացման պլանում երկու խոշոր իրադարձություն է նախատեսվում։ Հայկական զարգացման հիմնադրամը՝ իր ֆրանսիական գործընկեր «Բիզնես Ֆրանս»-ի հետ միասին Փարիզում, Լեոնում եւ Մարսելում կիրականացնի Հայաստանի հնարավորությունների քարոզչությունը, կներկայացնի նրա բիզնես միջավայրն ու առավելությունները։ Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Ձեռնարկատերերի ասոցացիայի հետ։ «Որոշ ֆրանսիական ձեռնարկատերեր հետաքրքրություն են հայտնել հանդիպման վերաբերյալ»,-ասել է դեսպանը։