ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում՝ երկխոսության վերականգնման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ միջնորդները վստահ են. հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս կապակցությամբ դեսպանը նշել է, որ զոհեր են եղել ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ, եւ այս իրավիճակը չի կարող բավարար համարվել:

Ըստ դեսպանի՝ ավելի վաղ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված համաձայնությունները պարտադիր պետք է իրականացվեն: «Բայց այս համատեքստում կարեւոր է հասկանալ, որ լուծումը միջնորդների ձեռքում չէ: Այն պայմանավորված է կողմերի քաղաքական կամքով»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել հանդիպման մասնակիցներին, ինչպես ավելի վաղ հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ամեն դեպքում՝ ես պնդում եմ, որ հակամարտության լուծումը պետք է գտնել բանակցությունների ճանապարհով: 20-րդ դարում հակամարտությունների օրինակներ կան, որոնք լուծվել են խաղաղ բանակցություններով»,- նշեց դեսպանը:

Պատասխանելով հարցին, որ միջնորդները հավասարության նշան են դնում հակամարտության կողմերի միջեւ, դեսպանը նշեց. «Վերընթերցեք Մինսկի խմբի մեկ-մեկուկես տարվա հայտարարությունները: Հստակ  ուղերձներ կտեսնեք»: