Իրաքում քրիստոնյաներին ոչ ոք չի պաշտպանում, եւ նրանք չունեն այլ տարբերակ, քան լքել երկիրը: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է իրաքյան քրիստոնյաների առաջնորդ, եպիսկոպոս Աթանասիոս Դավուդը:

Եպիսկոպոսն ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է, բայց ասել է, որ քրիստոնեական համայնքը կորցրել է ինչպես իրաքյան, այնպես էլ արեւմտյան  կառավարոություններից օգնություն ստանալու հույսը:

Մեկ շաբաթ առաջ գրոհայիները Բաղդադում քրիստոնեական եկեղեցում ավելի քան 50 մարդ սպանեցին: Այդ կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ցավակցություններն էր հայտնել Հռոմի պապին: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը նաեւ Իրաքի իշխանություններին կոչ էր արել պահպանել քրիստոնեական փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները:

Իրաքում քրիստոնյաների ճնշումները պարբերական բնույթ են կրում: 2003թ. Իրաքում մոտ 20 հազար հայ էր ապրում, այժմ՝ մոտ 7 հազար: